Քաղաքը և ժամանակը
Այս տարվա Gyumri Art Week-ն անցկացվում է «Քաղաքը և ժամանակը» խորագրի ներքո՝ առաջարկելով ուսումնասիրել քաղաքը որպես տարբեր ժամանակների հատման, համակեցության և փոխակերպման տարածք։
Քաղաքները երբեք գոյություն չունեն միայն ներկայում։ Դրանք կրում են հիշողությունների, պատմությունների, կորուստների և սպասումների շերտեր։ Անցյալը պահպանվում է ճարտարապետության, հանրային տարածքների և առօրյա սովորույթների մեջ, ներկան ձևավորվում է մարդկանց շարժումների, հանդիպումների և փորձառությունների միջոցով, իսկ ապագան մշտապես ուրվագծվում է ծրագրերի, ցանկությունների և երևակայության մեջ։ Այս տարբեր ժամանակայնությունները միաժամանակ գոյակցում են քաղաքում՝ երբեմն ներդաշնակորեն, երբեմն՝ հակասության և լարվածության մեջ։
Այսօր քաղաքները գտնվում են արագ և հաճախ հակասական վերափոխումների պայմաններում։ Թվայնացումը, կլիմայական փոփոխությունները, տնտեսական և սոցիալական փոփոխությունները վերաձևավորում են ոչ միայն քաղաքային միջավայրերը, այլև ժամանակի ապրումը։ Որոշ հիշողություններ և տարածքներ դառնում են ավելի տեսանելի, մյուսները՝ անհետանում կամ մղվում լուսանցք։ Այս գործընթացներում քաղաքը հանդես է գալիս որպես բազմաժամանակային իրականություն, որտեղ տարբեր անցյալներ, ներկաներ և ապագաներ մշտապես հանդիպում են միմյանց։
Թեմայի կարևոր տեսական հղումներից է Անրի Լեֆևրի քաղաքային տարածության ընկալումը, և քաղաքային ժամանակի ընկալումը։ Համաձայն առաջինի քաղաքը ոչ միայն կառուցված միջավայր է, այլ սոցիալական հարաբերությունների միջոցով շարունակաբար արտադրվող տարածություն։ Նրա «քաղաքի իրավունքի» գաղափարը հիշեցնում է, որ քաղաքը ձևավորվում է ոչ միայն պլանավորման և կառավարման, այլև ապրելու, օգտագործելու և վերաիմաստավորելու միջոցով։ Միաժամանակ, Լեֆևրի ռիթմավերլուծությունը հնարավորություն է տալիս քաղաքը դիտարկել որպես տարբեր ժամանակների և կյանքի ռիթմերի համակեցության դաշտ։ Քաղաքը, ըստ նրա, չի ապրում մեկ ժամանակի մեջ, կամ ինչպես ինքն է նշում․ «Գոյություն չունի մեկ ռիթմ, կան ռիթմեր»։ Քաղաքը տարբեր ռիթմերի, ժամանակայնությունների և փորձառությունների համակեցության տարածք է, որտեղ հիշողությունը, առօրյան և ապագայի պատկերացումները մշտապես վերաձևավորում են միմյանց։
Այս համատեքստում արվեստը դառնում է հետազոտության, քննադատության և երևակայության գործիք։ Այն կարող է բացահայտել քաղաքի անտեսանելի շերտերը, վերականգնել մոռացված պատմությունները, արձանագրել առօրյա կյանքի ռիթմերը կամ առաջարկել ապագայի այլընտրանքային պատկերացումներ։ Արվեստային միջամտությունները հնարավորություն են ստեղծում վերանայելու քաղաքի մասին հաստատված պատկերացումները և նորովի մտածելու նրա անցյալի, ներկայի և ապագայի մասին։
Այս տարվա թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում Գյումրիի համատեքստում։ Քաղաքը կրում է տարբեր պատմական ժամանակաշրջանների հետքերը՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ հիշողությունը, վերափոխումները և ապագայի պատկերացումները մշտապես համադրվում են միմյանց հետ։ Այդ իմաստով Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն է, այլև կենդանի հետազոտական դաշտ, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել ժամանակի և քաղաքի փոխհարաբերության բազմազան դրսևորումները։
«Քաղաքը և ժամանակը» խորագիրը, հետևաբար, անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քաղաքային հիշողությունը և մոռացությունը, առօրյա կյանքի ռիթմերը, քաղաքային փոխակերպումները, ժառանգության և զարգացման հարաբերությունները, հանրային տարածքները, համայնքային փորձառությունները, ինչպես նաև քաղաքի հնարավոր և երևակայվող ապագաները։ Մենք հրավիրում ենք արվեստագետներին, համադրողներին, ճարտարապետներին, հետազոտողներին, դիզայներներին և այլ ստեղծագործողներին ներկայացնելու նախագծեր, որոնք կարձագանքեն այս թեմային և կբացեն քաղաքի ու ժամանակի փոխհարաբերության նոր դիտանկյուններ։
