Gyumri Art Week
Gyumri Art Week-ը ներկայացնում է ժամանակակից արվեստն իր բոլոր դրսևորումներով՝ ցուցահանդեսներ, պերֆորմանսներ, վիդեոարվեստ, ինստալյացիաներ, համերգներ, ինչպես նաև ճանաչողական այցելություններ արվեստանոցներ, արվեստային ռեզիդենցիաներ Հայաստանի տարբեր մարզերում և պանելային քննարկումներ։

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է և Շիրակի մարզի վարչական կենտրոնը։ 19-րդ դարի վերջին, երբ քաղաքը հայտնի էր Ալեքսանդրապոլ անունով, այն արդեն համարվում էր մշակութային կենտրոն, և այդ կարգավիճակը պահպանում է մինչ օրս՝ լինելով Հայաստանի մշակութային մայրաքաղաքը։

Հայաստանի անկախությունից անմիջապես հետո սկսվեց խորհրդային շրջանի նշանավոր գործիչների անուններով կոչված աշխարհագրական անվանումների վերանվանման գործընթացը։ Այդ ընթացքում նախկին Լենինական քաղաքը վերանվանվեց Կումայրի՝ վերականգնելով իր պատմական անվանումը։ Սակայն 1992 թվականին քաղաքը ստացավ իր ներկայիս անվանումը՝ Գյումրի։

Գյումրին միշտ եղել է Հայաստանի մշակութային կենտրոններից մեկը։ Չնայած 1988 թվականի ավերիչ երկրաշարժին՝ քաղաքը շարունակեց մշակութային կյանքը և ստեղծեց նոր նախաձեռնություններ։ Դրա լավագույն օրինակներից էր Գյումրու բիենալեն, որի նպատակն էր արվեստի և մշակույթի միջոցով վերակենդանացնել քաղաքի կյանքը։ Այն ներառում էր լայնածավալ ծրագրեր՝ տեղական և միջազգային արվեստային համայնքների մասնակցությամբ։ Թեև բիենալեն այլևս չի անցկացվում, Գյումրին շարունակում է մնալ բազմաթիվ մշակութային նախաձեռնությունների կենտրոն։ Այդ ավանդույթը վերականգնելու նպատակով մենք նախաձեռնեցինք Gyumri Art Week ժամանակակից արվեստի միջազգային շաբաթը։

Գյումրին ունի ամուր դիրք որպես մշակութային քաղաք, սակայն դեռևս բավարար չափով ճանաչված չէ որպես ժամանակակից արվեստի քաղաք՝ չնայած բազմաթիվ թանգարաններին, պատկերասրահներին և արվեստագետներին։ Անհրաժեշտ է բարձրացնել նրա դիրքը որպես «Արվեստի քաղաք» և «Մտքի դպրոց»՝ ազգային և միջազգային մակարդակներում։

International Gyumri Art Week-ը ժամանակակից արվեստի փառատոն է, որն անցկացվում է տարին մեկ անգամ։
Gyumri Art Week-ը Հարավային Կովկասի ժամանակակից արվեստի առաջատար հարթակներից մեկն է, որն արտացոլում է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտը։

Gyumri Art Week-ը նպաստում է՝
Հայաստանի մշակութային կյանքի ապակենտրոնացմանը,
զբոսաշրջության զարգացմանը,
շրջակա միջավայրի պահպանությանը՝ ժամանակակից արվեստի մեթոդների կիրառմամբ,
սոցիալ-հոգեբանական խնդիրների բարձրաձայնմանը,
ոչ ֆորմալ արվեստի կրթական ծրագրերի զարգացմանը։

Gyumri Art Week-ի բարձրացրած գաղափարների և խնդիրների տեղայնացված բնույթը հնարավորություն է տալիս դիտարկել Գյումրին և տարածաշրջանը որպես արվեստային հետազոտության դաշտ։

Gyumri Art Week-ը ներկայացնում է ժամանակակից արվեստն իր բոլոր դրսևորումներով՝

նոր մեդիա
ցուցահանդեսներ
պերֆորմանսներ
վիդեոարվեստ
ինստալյացիաներ
համերգներ
այցելություններ արվեստանոցներ
արվեստային ռեզիդենցիաներ Հայաստանի տարբեր մարզերում
պանելային քննարկումներ
ոչ ֆորմալ արվեստի կրթական ծրագրեր
հանրային տարածքներում իրականացվող արվեստային գործողություններ